Friday, January 20, 2012

Սիրուշոյին «Եվրատեսիլ 2012»-ում ցանկանում են տեսնել երկրպագուները


«Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանի մասնակցության մասին հունվարի 17–ին հայտնի դառնալուց հետո ակտիվորեն սկսեցին շրջանառվել հնարավոր մասնակիցների մասին լուրերը: Հայաստանը 2008 թ-ին  «Եվրատեսիլ»-ում ներկայացրած երգչուհի Սիրուշոյի հնարավոր մասնակցության մասին լուրը նույնպես անմասն չմնաց վիրտուալ տիրույթից` հանրության լայն զանգվածների խոսակցության թեմայից:
«Սիրուշոն այս ընթացքում բազմաթիվ նամակներ, արձագանքներ է ստանում թե Հայաստանից, թե արտասահմանի իր երկրպագուներից»,-  հայտնեց Սիրուշոյի PR մենեջեր  Արեւիկ Ուդումյանը: Նրա խոսքով` երգչուհու երկրպագուների կողմից արձագանքն իսկապես բուռն էր:
Սակայն Ուդումյանն ընդգծեց, որ «Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցին, եւ վերջինիս ընտրելու ձեւաչափի վերջնական որոշումը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերությանը, որը, ինչպես հայտնի է, առաջիկայում հանդես կգա մրցույթում Հայաստանի մասնացության մանրամասների   վերաբերյալ հատուկ հայտարարությամբ:
Ավելի վաղ ` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին անդրադառնալիս երգչուհին չէր բացառել  իր մասնակցությունը' մեջբերելով «Երբեք մի' ասա երբեք» արտահայտությունը եւ առաջարկելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին չքաղաքականացնել մրցույթը, այլ վերաբերել վերջինիս ինչպես երաժշտական մեծ տոնի, արտիստին առաջիկա ստեղծագործական  համագործակցության հեռանկարներ ստեղծելու լավ հնարավորության:
 Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2008» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթում`   «Քելե, քելե» երգով: Մրցույթում նա ստացել է ամենաշատ 12 միավորները: Երգչուհին  զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը`  199 միավորով: 

No comments:

Post a Comment