Thursday, December 22, 2011

Սիրուշոն, Հայկոն, Սոֆին, Անդրեն եւ Անահիտը կատարել են Բաբաջանյանի երգերը


Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը կազմված էր վեց համերգից, որոնց ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արտերկրից ժամանած մենակատարներ:
Առաջին երկու համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները: Երեք համերգի ընթացքում կատարվել են հայ կոմպոզիտորական դպրոցի տարբեր սերնդի եւ ժանրի ստեղծագործությունները: 


“Բաբաջանյան ֆեստ”-ի` օրերս տեղի ունեցած փակման համերգին հնչել են Բաբաջանյանի ճանաչված երգերը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ էստրադայի երգիչների կատարմամբ: Ելույթ են ունեցել Հայկոն, Սիրուշոն, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Էմմին, Անահիտ Սիմոնյանը, Մհերը, Էրիկը, Մարատ Հայրապետյանը եւ օպերային մեներգիչ Գեւորգ Հակոբյանը: 


Համերգի ընթացքում հնչել են “Հեյ, աստղեր”, “Իմ Երեւան”, “Մեր սիրելի Երեւան”, “Чертово колесо”, “Ноктюрн”, “Судьба”, “Свадьба”, “Благодарю тебя”, “Королева красоты”, “Мимоза”, “Верни мне музыку”, “Озарение”, “Золотое танго”, “Пушинка белая”, “Твои следы”, “Мосты, мосты”, “Год любви” երգերը: 
Երեկոյին ներկա է եղել նաեւ Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, որը ոսկե մեդալով է պարգեւատրել դուդուկահար Ջիվան Գասպարյանին` երաժշտության մեջ ունեցած իր ներդրման համար: Ոսկե մեդալների են արժանացել նաեւ Արմեն Ջիգարխանյանը, Իոսիֆ Կոբզոնն ու Շառլ Ազնավուրը, ովքեր ներկա չէին համերգին:

Մեծ էկրանին պարբերաբար ցուցադրվել են տարբեր տեսանյութեր. Իոսիֆ Կոբզոնի ուղերձը, որը նշել է` “երջանիկ է, որ ճանաչել է  Առնո Բաբաջանյանին, ու իրենք ընկերներ են եղել”: Տեսանյութերից մեկում էլ Առնո Բաբաջանյանը “Հերոսական բալլադ’’ ստեղծագործությունից հատված է նվագել:  Ցուցադրվել է նաեւ կոմպոզիտորի եւ հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի հայտնի հարցազրույցը, որը անց է կացվել Դիլիջանում:


 Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքերով` նման նախագիծ առաջին անգամ են իրականացնում. “Հետաքրքրությունը մեծ է, քանի որ շատերը չեն հասկանում սիմֆոնիկ նվագախմբի եւ էստրադային կատարողների համագործակցությունը: Մեզ համար կարեւոր է, որ հասարակությունը հասկանա ու ինտեգրվի այն գործի մեջ,  որը մենք ծավալում ենք:’’:








Համերգը եզրափակել է կատարողների խմբակային ելույթը: Ավարտվել է  նաեւ երիտասարդական նվագախմբի 2011 թվականի համերգաշրջանը: Ամփոփելով 2011 թվականը` Սերգեյ Սմբատյանն ասել է, որ նվագախումբն արդեն պատրաստվում է 2012-ի հունվարի 26-ին կայանալիք համերգին, որին մասնակցելու է աշխարհահռչակ ջութակահար Ռոման Սիմովիչը:

Նշենք, որ “Բաբաջանյան ֆեստ’’-ի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: 

No comments:

Post a Comment